Շողեր Թովմասյանը խոսել է եթերից բացակայելու պատճառի, իր ոճի ու սեքսուալության մասին

Շողեր Թովմասյանի մոտ այժմ եթերային դադար է, որը երիտասարդ դերասանուհին լրացնում է իր նախասիրություններին ավելի շատ ժամանակ տրամադրելով։

Tert.am Life-ը Շողերի հետ զրուցել է ներկայիս զբաղվածության, նախասիրությունների, զգեստապահարանի ու սեքսուալ լինելու բանաձևի մասին։

«Եթերից բացակայելս պայմանավորված է նրանով, որ ինձ հարմար դեր դեռ չկա։ Առաջարկներ լինում են, բայց ինքս դեռ հարմար չեմ գտնում նկարահանվել ինչ-որ տեղ, ինչպես ասում են՝ ուշ լինի, նուշ լինի։ Զբաղվածությունս մեծ է: Գրիշան նոր սթենդ ափ ներկայացում է պատրաստում, հիմա դրա վրա ենք աշխատում։ Հիմա շատ ժամանակ տրամադրում եմ նաև բիզնեսին՝ կորպորատիվների, տարբեր երեկոների կազմակերպմամբ ենք զբաղվում։ Դա իսկապես բավականին ժամանակատար է»,- ասաց դերասանուհին։ Արձագանքելով դերասանի մասնագիտության եկամտաբեր լինել-չլինելուն` նա նշեց. «Դերասանի մասնագիտությամբ Հայաստանում անհնար է շատ լավ ապրել։ Կողքից անպայման պետք է ունենաս որևէ այլ գործ՝ կլինի բիզնես, թե մեկ այլ մասնագիտություն»։

Այս ընթացքում դերասանուհու եթերային դադարը երկար չի ձգվի, նրա մասնակցությամբ մի նախագիծ շուտով կլինի եթերում։ ««Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում շուտով կլինի բազմասերիանոց շատ հետաքրքիր հեռուստանովել՝ «Դեբեդի գաղտնիքը», որտեղ արդեն նկարահանվել եմ։ Առայժմ միայն այս նախագիծն է, քանի որ շուտով երկրից մեկնելու եմ սովորականից մի քիչ ավելի շատ ժամանակով։ Ամառվանից հետո նոր կմտածեմ` ինչ անել»,– ասաց նա։

Դերասանուհու խոսքով, երբ որևէ նախագծում զբաղվածություն չի ունենում, նախընտրում է ճանապարհորդել և լինել տարբեր հետաքրքիր վայրերում. «Բացի ճանապարհորդելն աշխատանքային դադարների ընթացքում ժամանակ եմ տրամադրում և այցելում եմ անապահով ընտանիքներին, փորձում եմ իմ հնարավորության չափով օգնություն ցուցաբերել նրանց, խորհուրդ եմ տալիս բոլորին միանալ այդ նախաձեռնությանը»։

Շարունակելով խոսել իր նախասիրությունների մասին՝ Շողերն առանձնացրեց մի քանիսը. «Իմ տղայից հետո սիրում եմ բոլոր երեխաներին, լավ մարդկանց, աշխատում եմ կողքիս ունենալ լավ ընկերներ, շատ եմ սիրում իմ ընտանիքը։ Բացի այդ, ես շորամոլ եմ՝ շոփինգի մեծ սիրահար։ Տարեկան բավականին գումար եմ ծախսում հագուստի վրա, սակայն կոնկրետ գումարի չափ ասել չեմ կարող, որովհետև թիվը հարաբերական է։ իմ նախասիրությունների մեջ է նաև լողալը»։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր