
Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին հայտարարել է խորհրդարանի քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը պետք է ուսումնասիրի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները: Հանձնաժողով ունենալու անհրաժեշտության մասին մայիսի 20-ի ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ կան ուժեր, որոնք պատրաստ են իրենց խմբային շահերի համար ընդհուպ հրահրել «դավադիր պատերազմ»: Այդպիսով, տեղավորելով ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի հարցն այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանը փաստացի արձանագրեց ապրիլյան քառօրյայի «դավադիր» լինելու կասկածը: Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ կասկածներ հանրությունն ուներ պատերազմից անմիջապես հետո, թեեւ այստեղ իհարկե կասկածների բնույթը բավականին տարբեր է: Ի վերջո, հանրությունը կասկածներ է ունեցել նախորդ իշխող համակարգի գրեթե բոլոր քայլերի կամ այդ շրջանում պետությանն առնչվող բոլոր ճակատագրական կամ վճռորոշ հարցերի կապակցությամբ: