Վանեցյանն ու Տոնոյանը ծածկում են վտանգավոր ավերակները ․ ․ ․

Այն բանից հետո, երբ հրապարակվեցին սոցհարցման տվյալներ, որոնք վերաբերում էին կառավարության պաշտոնյաների վարկանիշին և դրանց առաջատարն էին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ վարչապետ Փաշինյանը ծանր է տարել ուժայինների բարձր վարկանիշը: Իհարկե, դժվար է չափել, թե ինչպես է տարել Նիկոլ Փաշինյանը այդ վարկանիշը, կամ ընդհանրապես որևէ, անգամ սեփական բարձր վարկանիշը, որն, ըստ նույն սոցհարցման, ավելի էր 80 տոկոսից: Սակայն վարչապետի բարձր կամ գերբարձր վարկանիշի հրապարակումից հետո նաև կառավարության անդամների ու, մասնավորապես, ուժայինների բարձր վարկանիշի հրապարակումը, անկասկած, հետաքրքիր մեսիջ էր հանրությանը՝ իշխանության ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը՝ իր ֆունկցիոնալ և քաղաքական օրգանականությամբ, դեռևս ձևավորման փուլում է: Եվ զուգահեռ ձևավորման էլ ավելի սաղմնային փուլում է քաղաքական համակարգը: Եվ այստեղ, բնականաբար, ոչ միայն մեծ է դառնում ուժային կառույցների ղեկավարների վարկանիշի հավանականությունը, այլ, մեծ հաշվով, այն դառնում է անհրաժեշտ: Որովհետև, պետականության ու քաղաքական կայունության պահպանությունը գործնականում մնում է այդ կառույցների վրա: Դա լավ օրից չէ, դա լավ բնութագիր չէ որևէ պետության համար, որովհետև ուժային կառույցներն ունեն խիստ կոնկրետ ֆունկցիաներ և քաղաքական կայունության, պետականության կայունության ընդհանրապես պարտականությունները դրա մեջ չեն մտնում: Սակայն այդ կայունության համար կարևոր հասարակական-քաղաքական ինստիտուտներն ու քաղաքական համակարգը ոչնչացված են, ներկայումս թավշյա հեղափոխությունն իր հաղթանակից հետո այդ իմաստով «թագավորում է ավերակների» վրա: Այդ վիճակը ոչ միայն վտանգավոր, այլև աղետալի կարող է դառնալ, եթե չեն աշխատում պետության ուժային գործառույթները և, առավել ևս, եթե չեն աշխատում այնպես, որ դրանց գործունեության և ղեկավարների հանրային վարկանիշը լինի դրական և բարձր: Այլ կերպ ասած, հրապարակված սոցհարցման տվյալները հուշում էին, որ ներկայիս հետհեղափոխական անցումային փուլում իրավիճակը գտնվում է «առողջության» նվազագույն անհրաժեշտ մակարդակի վրա, և ԱԱԾ պետն ու պաշտպանության նախարարը փաստացի իրենց դերով ծածկում են ավերակները: Իհարկե, սա իր հերթին պարունակում է ռիսկեր, այդ թվում վարչապետ Փաշինյանի համար, որովհետև ուժային գործոնները կարող են իրենց ազդեցությունն ունենալ իրավիճակի ինստիտուցիոնալացման գործընթացի հեռանկարի վրա, այդ գործընթացը, այսպես ասած, ձևելով իրենց տակ: Սա հատկապես խնդիր է ԱԱԾ դեպքում, քանի որ պաշտպանության նախարարության պարագայում, ի վերջո, նախարարը քաղաքական պաշտոն է, քաղաքական ֆիգուր, ըստ այդմ ՝օբյեկտիվ է, որ ունենա նաև իր քաղաքական հետաքրքրություններն ու դիրքավորումը, պարզապես չփորձի դրանց սպասարկման համար ներքաշել բանակը:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր