Սեյրան Օհանյանի համարձակ մերժումը. նա գիտե, թե ինչ կատարվեց

Forrigths.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրման համար ստեղծված քննիչ խորհրդարանական հանձնաժողովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ասել է, թե ովքե՞ր են քննելու այդ պատերազմը՝ բանակում չծառայածնե՞րը: Իսկ նախկին նախարարն ի՞նչ է կարծում, միայն բանակում ծառայածնե՞րն ունեն ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցեր տալու, հանգամանքներ ուսումնասիրելու իրավունք կամ կարողություն: Հազիվ թե լուրջ է այդպիսի պնդում անելը: Մյուս կողմից, եթե նախկին նախարար Օհանյանն ակնարկում է, որ խորհրդարանը չունի կադրային բավարար կոմպետենտության ներուժ, որպեսզի ձեռնամուխ լինի այդօրինակ լրջագույն խնդրի ուսումնասիրման, այստեղ իհարկե հարցը կարեւոր է: Անշուշտ, խոսքը մի իրադարձության մասին է, որը բացի մարդկային ողբերգական եւ քրեաիրավական հանգամանքներից, պարունակում է նաեւ քաղաքական եւ աշխարհաքաղաքական բաղադրիչներ, հետեւաբար պահանջում այդ ասպեկտներին եւ համատեքստին տիրապետող կադրեր: Միաժամանակ սխալ կլինի ասել, թե խորհրդարանը չունի այդպիսիք: Ըստ այդմ, որպես մտահոգություն հարցադրումը կարող է տեղին լինել, սակայն այն կարող է բացարձակ դեստրուկտիվ եւ նույնիսկ վտանգավոր լինել, եթե հնչում է հանձնաժողովի աշխատանքը դեռ չսկսած դրա հանդեպ անլրջություն առաջացնելու նկատառումով: Որովհետեւ, ի վերջո, պաշտպանության այդ օրերի նախարար Սեյրան Օհանյանին թերեւս պետք է առավելագույնս մոտ լինի խնդիրն ու մեծ լինի տեղի ունեցածի հանգամանալից ուսումնասիրման շահագրգռությունը, քանի որ Սեյրան Օհանյանն ինքն է ոչ միայն այդ օրերին, այլ գործնականում տարիներին՝ առնվազն 2014, 2015, 2016 թթ., եղել մի բանակի ղեկին, որը պահում էր ոչ միայն հայկական ինքնիշխանության վերջին թելը եւ ռազմա-քաղաքական սուբյեկտությունը, այլ գործականում միջազգային անվտանգության համակարգի հանգուցային մի օղակի կայունությունը: Դա էր պատճառը, որ հայկական բանակը այդ տարիներին դարձել էր միջազգային անվտանգության ուժային առանցքային կենտրոնների թե բաց, թե փակ ուսումնասիրությունների եւ հետաքրքրության առարկան, հասկանալու համար, թե ինչի է ընդունակ բանակը եւ զուգահեռաբար նաեւ քաղաքական ինչպիսի պատասխանատվության ու համարձակության է ունակ այդ բանակի ղեկավարությունը, այդ թվում նախարարը: Բանակը՝ նախարարի գլխավորությամբ, փաստացի հաղթեց, կասեցնելով ապրիլյան գրոհը, որ հակառակորդը մշակել էր մեր ֆորմալ դաշնակցի մեծ օժանդակությամբ: Բայց նախարարը պարտվեց, քանի որ հետպատերազմյա շրջանում անկարող եղավ քաղաքական մակարդակում կապիտալիզացնել բանակի մարտական այդ հաջողությունը: Դրա պատճառներն իհարկե բազմաթիվ էին եւ տարբեր, զգալիորեն նաեւ օբյեկտիվ: Ի վերջո, Սեյրան Օհանյանն ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում չմանրանալու քաղաքական եւ մարդկային համարձակություն ու արժանապատվությունը: Բայց Հայաստանի առաջ խնդիրը գործնականում մնաց՝ ապրիլյան քառօրյայում բանակի մարտական հաջողության (ապրիլյան քառօրյայի ուսումնասիրությունը պետք է վերահաստատի հենց այն, որ պատերազմը բանակի հաջողությունն էր, իսկ տարածքային կորուստները՝ պետության քաղաքական ղեկավարության եւ համակարգի ձախողումը) քաղաքական կապիտալիզացիան: Այդ հարցն անկարող էր լուծել նաեւ Սերժ Սարգսյանը, դարձյալ սուբյեյտիվ եւ մի շարք օբյեկտիվ պատճառներով: Սարգսյանն ի վերջո գնաց նախարարի փոխարեն գերագույն գլխավոր հրամանատարի փոխանորդ նշանակելու ճանապարհով, որը բավական արդունավետ էր իրականացնում իր գործի դեկլարատիվ-անտուրաժային մասը, սակայն անկարող էր ապահովել քաղաքական կապիտալիզացիան: Որովհետեւ սկզբունքորեն զերծ էր պատերազմող բանակի ռազմական բաղադրիչի հետ օրգանական կապից:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր