Շուտով իմ կյանքում ամեն ինչ այնքան կփոխվի. հրապարակվել են Խաչատուրյան քույրերից մեկի անձնական հաղորդագրությունները

Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը բացահայտել է Խաչատուրյան քույրերի հետ սոցկայքերում արված անձնական հաղորդագրություններ: Դրանք, նրա կարծիքով, ապացուցում են հանցագործության՝ նախապես ծրագրված լինելը: Հաղորդագրությունների սղագրությունը հրապարակել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Արսեն անունով զրուցակիցը պնդում է, որ ներկայացված զրույցը տեղի է ունեցել քույրերից մեկի և նրանց ընդհանուր ծանոթի միջև՝ սպանությունից մեկ ամիս առաջ՝ 2018 թ. հունիսի 23-ին և 24-ին: Նա նշում է, որ զրույցը արդեն կցվել է անձնական գործին՝ իբրև ապացույց անձնական հակակրանքի պատճառով տեղի ունեցած սպանության:

Նա ընդգծել է, որ հաղորդագրությունների մի մասը կազմել են աուդիոֆայլերը, և աղջկա ձայնը ճանաչել են բոլոր հարազատները: Զրույցի երկրորդ մասնակիցը երկար ժամանակ լռում էր, քանի որ վախենում էր արտաքին ճնշումից:

Զրույցի ընթացքում աղջիկն ակնարկում է իր կյանքում սպասվող գլոբալ փոփոխությունների մասին:

«Դու չգիտես, շուտով իմ կյանքում ամեն ինչ այնքան կփոխվի, որ ո´չ հայրս, ո´չ եղբայրներս չեն խառնվի իմ անձնական կյանքին»,- ասում է նա՝ միաժամանակ հրաժարվելով մանրամասներ ասել, նաև խոստանալով, որ երբ զրուցակիցը ամեն ինչ իմանա, կհասկանա:

Միևնույն ժամանակ, նա նշում է, որ այս մասին պատմել է իր երեք հուսալի ընկերուհիներին:

«Պարզապես ձեզանից ոչ մեկը տեղյակ չէ՝ ինչպես եմ ես ապրում և ինչի միջով եմ անցնում»,- ասում է աղջիկը:

Արսենը հայտնում է, որ հաղորդագրություններ ուղարկողն այն քույրն է, որը, հենց մեղադրյալների պնդմամբ, հոր կողմից բռնության չի ենթարկվել, սակայն նրա ընկերուհիներից մեկը պատմել է, որ այդ քույրն իրեն պատմել է հարազատի կողմից ծաղրի ենթարկվելու մասին:

Զրուցակցի խոսքին, թե իրեն վախեցնում են նման գուշակությունները, աղջիկն ասում է.

«Երբեմն ինձ էլ, բայց ես միայն այն գիտեմ, որ ավելի լավ կապրեմ, ու դա բավարար է»:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր