«Ես սիրում եմ նրան, առաջվա նման՝ շատ-շատ». Մարիամն ու Գոռը՝ անակնկալ նշանադրության և օրվա էմոցիաների մասին

Ծննդյան օրը յուրաքանչյուրիս կյանքում ամեն տարի խորհրդանշում է մի նոր բանի սկիզբ, կյանքի նոր փուլ՝ տարեց տարի՝ ավելի հասուն ու լուրջ: Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, վստահաբար, չի մոռանա իր կյանքի 22-ամյակը: Հենց այդ օրը՝ հունիսի 8-ին, սիրելին՝ դերասան Գոռ Համբարձումյանը, Մարիամի տարեդարձը դարձրեց ամենահիշարժանը՝ նրան ամուսնության առաջարկություն անելով:

NEWS.am STYLE-ը զույգի հետ զրուցել է անակնկալ նշանադրության, էմոցիաների եւ առաջարկության պլանավորման մասին:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար էլ ծննդյան օրն առանձնահատուկ է, չնայած՝ ես եւ Մարիամն ունենք մեր հատուկ օրը, բավականին վաղուց՝ մեր հանդիպման սկզբից՝ յուրաքանչյուր ամսի 22-ը մեզ համար շատ կարեւոր օր է: Ես սկզբում որոշել էի, որ հենց ամսի 22-ին անեմ առաջարկությունս, բայց հետո մտածեցի, որ ավելի անսպասելի կլինի, եթե հենց նրա ծննդյան օրը դա անեմ, որովհետեւ վստահ եմ՝ նրա մտքով անցած կլներ, որ ես նրան առաջարկություն կանեմ ամսի 22-ին»,-մեզ հետ զրույցում անկեղծացավ Գոռը, որը եւս, բնականաբար, հուզված էր այդ օրը, բայց կարծում է՝ ամեն ինչ ստացվել է այնպես, ինչպես ծրագրում էր.

«Էմոցիաները պատկերացրածիցս ավելին էին: Օրը շատ լավ անցավ՝ մեր ընկերների, հարազատների, իմ եւ Մարիամի ծնողների, ընտանիքի անդամների ներկայությամբ: Բոլորը շատ ուրախ էին, դե Մարիամի էմոցիաների մասին չեմ խոսում: Ես էլ էի շատ հուզված, որովհետեւ առաջին անգամ էի առաջարկություն անում (ծիծաղում է)»:

Ծննդյան խնջույքի հյուրերից շատերի համար եւս Գոռի առաջարկությունն անսպասելի է եղել, մինչդեռ որոշ ընկերներ ոչ միայն տեղյակ են եղել, այլեւ օգնել են դերասանին այն իրականացնել:

Ինչ վերաբերում է նշանադրության մատանուն, այն Մարիամի սրտով է, քանի որ Գոռը, նույնիսկ, այդ հարցում է ուշադիր եղել.

«Մատանին վաղուց եմ որոշել, թե ինչպիսին պետք է լինի: Երբ դեռ նոր էինք ընկերություն անում, Մարիամն ինձ մի մատանի էր ցույց տվել ու ես վաղուց որոշել էի, որ հենց այդ մատանին է լինելու նրա մատին»:

Իր էմոցիաները մեզ հետ կիսեց նաեւ Մարիամը.

«Ես գիտեի, որ անակնկալ է ինձ սպասվում, բայց որ այսպիսի անակնկալ, անսպասելի էր.. Էմոցիաներս շատ էին, բառերով նկարագրել չեմ կարող, ներսումս հրավառություն էր: Ես միշտ եմ երազել այս պահի մասին, դեռ մանկուց այս ամենն իմ երազանքների ցուցակում է եղել (ժպտում է): Գոռը շատ մանրակրկիտ պատրաստվել էր: Նա իմ օրը բառիս բուն իմաստով տոն դարձրեց»:

Հարցին՝ նոր կարգավիճակը ինչ փոփոխություններ է առաջացրել իր ներսում, դերասանուհին պատասխանեց.

«Զգացմունքնրս նույնն են, մատանին երբեք չի կարող իմ մեջ ինչ-որ բան փոխել: Ես սիրում եմ նրան, առաջվա նման՝ շատ-շատ: Մեր հարաբերություններն ավելի հասուն են դարձել, մենք հիմա ուրիշ աստիճանի վրա ենք»:

Ինչ վերաբերում է զույգի սպասված հարսանիքին՝ թե Մարիամը, թե Գոռը նշեցին, որ դեռ չեն կարող հստակ օր ասել:

«Երբ ամեն ինչ ավելի կոնկրետացվի, բոլորն այդ մասին կիմանան»:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր