Ինչո՞ւ պետք չէ վարդակի մեջ միացված թողնել լիցքավորիչ սարքերը

Ժամանակակից էլեկտրոնային հարցերի համար լիցքավորիչ սարքեր կան բոլոր տներում։ Եկեք միասին պարզենք, թե արդյոք անվտանգ է թողնել լիցքավորիչ սարքը վարդակի մեջ միացված. չէ՞ որ շատերս ենք տանը, աշխատավայրում թողնում դրանք միշտ միացված վիճակում։

Ինչ-որ բան վարդակի մեջ միացված թողնելն, անկախ որևէ բանից, վտանգավոր է և հրդեհային անվտանգության տեխնիկայի խախտում է համարվում։ Բռնկման ամենատարածված պատճառներից մեկը կարճ միացումն է։ Նույնիսկ եթե լիցքավորիչն ընդհանրապես չի տաքանում, միևնույնն է, կարճ միացման վտանգ միշտ կա, թեկուզ հոսանքի տատանումների արդյունքում։

Հենց ցանցում տատանումների պատճառով էլ մասնագետները խորհուրդ չեն տալիս էլեկտրոնային սարքերը միացված թողնել գիշերվա ընթացքում։ Այս դեպքում կարող է փչանալ ոչ միայն լիցքավորիչը, այլև հենց սարքը (համակարագիչ, հեռախոս, պլանշետ և այլն)։ Շատերն ասում են, որ հեռախոսը (նոութբուքը, պլանշետը) միացված թողնելով վարդակի մեջ, երբ այն արդեն լրիվ լիցքավորված է, մենք զգալիորեն կրճատում ենք նրա մարտկոցի կյանքը։

Մյուսներն էլ, սակայն, պնդում են, որ ժամանակակից բոլոր սարքերը հագեցած են ներկառուցված կարգավորիչներով, որոնք լիցքավորման ավարտից հետո դադարեցնում են մարտկոցին էներգիայի տրամադրումը։ Այնպես որ, եթե ձեր սարքը շատ հին չէ, կարող եք և չանհանգստանալ, եթե այն լրիվ լիցքավորվելուց հետո շարունակում է միացված մնալ։ Սակայն եթե ձեր սարքն ուժեղ տաքանում է ինչպես լիցքավորման ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո, ապա անպայման պետք է այն անջատել վարդակից։

Էլեկտրոնային սարք գնելիս անպայման կարդացեք կարծիքները, որտեղ նշված է, թե տաքանում են արդյոք սարքն ու լիցքավորիչը։

Ավելորդ չի լինի լիցքավորիչ սարքերն անջատած պահելը, եթե տանը կրծելու սիրահարներ ունեք (շներ կամ կատուներ)։ Ավելի լավ կլինի, եթե նրանք կրծեն հոսանքին չմիացված լարը։

Լիցքավորիչ սարքերի հետ կապված խնդիրներից խուսափելու համար լավ կլինի պարզապես սովորություն դարձնել դրանք և մյուս բոլոր չօգտագործվող սարքերը՝ հեռախոսները, նոութբուքերը, պլանշետները, հոսանքից անջատելը։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր