Պատրաստեք դեղձի, սալորի, խնձորի, տանձի, ձմերուկի չիր այս եղանակով և համից չեք կշտանա

Որակյալ չիր պատրաստելու համար անհրաժեշտ են մաքուր, առողջ և տեխնիկական հասունության շրջանում գտնվող մրգեր: Չորացման համար անհրաժեշտ հումքը պետք է հավաքել ծառերի վրայից:

Պտուղների արտաքին մակերեսին չպետք է լինեն կարկտահարության կամ հիվանդության հետքեր: Բերքահավաքից հետո հումքի պահելու ժամկետը չպետք է գերազանցի ծիրանի և դեղձի համար` 12 ժամ, սալորի, թզի համար` 1 օր, տանձի և խնձորի վաղահաս սորտերի համար՝ 2, իսկ ուշահաս սորտերի համար՝ 7 օր, որից հետո կատարում են հետևյալ գործողությունները` հումքի լվացում, տեսակավորում, կտրատում: Խորհուրդ է տրվում տանձի, դեղձի և խնձորի կտրատված պտուղները ընկղմել լիմոնաթթվի 0,5%-ոց լուծույթի մեջ, որը հնարավորություն կտա զերծ մնալու գունափոխությունից:

Դեղձ: Դանակով կտրել, բաժանել երկու կամ չորս մասի և հեռացնել կորիզը: Բարձրորակ չիր է ստացվում, եթե հեռացվում է նաև մաշկը, որը կարելի է կատարել մեխանիկական և քիմիական եղանակով (չկտրված պտուղները լցվում են 0,4-0,5%-ոց կաուստիկ սոդայի եռացրած լուծույթի մեջ և պահվում երկու րոպե, այնուհետև քամվում և լվացվում է հոսող ջրի տակ):

Սալոր: Սալորի մեծ և կլոր սորտերը անհրաժեշտ է կտրել դանակով և հեռացնել կորիզը, իսկ մնացած սորտերը չեն կտրատվում և չորացվում են կորիզով:

Տանձ և խնձոր: Տանձից և խնձորից լավ չիր է ստացվում, եթե կեղևը լինում է մաքրված: Կեղևը դանակով մաքրելուց հետո անհրաժեշտ է տանձը կտրատել երկու կամ չորս մասի և հեռացնել հնդերը: Խնձորը կարելի է կտրատել երկայնական երկու կամ չորս մասի և լայնական` մինչև 10 մմ հաստությամբ:

Հումքի ջրախաշումը: Որոշ մրգերի չորացման պրոցեսի համար մրգերն անհրաժեշտ է ենթարկել ջրախաշման: Այդ մրգերից է սալորը: Ջրախաշման համար անհրաժեշտ է պատրաստել կաուստիկ սոդայի 0,3-0,5%-ոց լուծույթ, այն եռացնել և այդ լուծույթի մեջ ընկղմել (որևէ արհեստական ցանցի օգնությամբ) սալորը մեկ րոպե տևողությամբ, որից հետո լվանալ հոսող ջրի տակ:

Հումքի ծխահարում: Գրեթե բոլոր բաց գույնի մրգատեսակները (ծիրան, դեղձ, տանձ, թուզ, խնձոր) չորացման ընթացքում գունափոխվում և մգանում են՝ կորցնելով ապրանքային տեսքը, այդ կանխելու համար կատարվում է հումքի սուլֆիտացիա, որը կատարվում է երկու եղանակով` չոր և խոնավ:

Չոր եղանակով սուլֆիտացման դեպքում հումքը նախապատրաստական փուլերը անցնելուց հետո փռվում է հավասարաչափ (միջուկով դեպի վերև) ցանցավոր ընդկալների վրա և տեղադրվում հերմետիկ խցերում, այնուհետև մետաղյա թասի մեջ պատրաստել կրակ, վրան լցնել ծծումբ և տեղադրել խցի մեջ: Ծծմբի քանակությունը պետք է լինի 4-5գ` 1 կգ հումքի հաշվով: Հումքը ծծմբի գազային միջավայրում պահել մինչև 5 ժամ: Խոնավ եղանակով սուլֆիտացման դեպքում անհրաժեշտ է հումքը ընկղմել 0,3-ոց ծծմբաթթվային անհիդրիդի լուծույթի մեջ և պահել մինչև 3 րոպե:

Իսկ ձմերուկի չիրը պատրաստում են այսպես ՝

Բաղադրամասեր` 1 կգ ձմերուկի կեղև, 1,2 կգ շաքարավազ, 750 մլ ջուր

Պատրաստման եղանակը` Կեղևից մաքրել վերևի մասի կանաչ գույնի կեղևը: Մաքրված կտորները լավ լվանալ և կտրատել քառակուսիկների։ Լցնել ամանի մեջ, ավելացնել ջուր և եռացնել։ Եռալուց հետո եփել 10 րոպե՝ անընդհատ փրփուրը մաքրելով։ Ջուրը դատարկել և կտորները քամել։

Ամանի մեջ ավելացնել ջուր և շաքարավազ և հասցնել մինչև եռալը։ Պատրաստի զանգվածի մեջ լցնել հատիկները, լավ խառնել և թողնել մինչև ամբողջովին սառչելը՝ 8-12 ժամ։ Զանգվածը նորից եռացնել, եռալուց հետո կրակը դանդաղացնել և եփել 15 րոպե, որից հետո կրակի անջատել։ Պատրաստի զանգվածը քամել և դնել ապակե հարթության վրա, երբ օշարակը չորանա, շաղ տալ շաքարավազ։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր