Կոկա-Կոլայի ստեղծողը թմրամոլ էր, որը մահացել է՝ առանց գրպանում որևէ գրոշ ունենալու

Կոկա-Կոլան, ըստ ամենայնի, ամենահայտնի ըմպելիքն է աշխարհում և վաճառվում է աշխարհի բոլոր անկյուններում։ Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ Coca-Cola Company-ն ըմպելիքի խոշորագույն արտադրողն է աշխահում, որը գոյություն ունի ավելի քան 200 երկրի շուկաներում և ամեն օր վաճառում է մոտ 1,9 միլիարդ միավոր արտադրանք։

Coca-Cola ընկերությունը ժամանակակից գլոբալիզացիայի դրսևորման վառ օրինակ է։ Այն ողջ աշխարհում ավելի քան 100,000 աշխատակից ունի և մտնում է պատմության ամենահաջողակ ընկերությունների շարքում։ Սակայն դրա պատմությունն իր ողբերգական էջերն է ունեցել։

Զարմանալի ըմպելիքը հայտնագործել է Ջոն Փեմբերթոնը՝ դեղագործ, որը մասնակցել է Քաղաքացիական պատերազմին։ 1865 թ. ապրիլին Փեմբերթոնը մասնակցել է Կոլումբուսի ճակատամարտին, որը համարվում է Քաղաքացիական պատերազմի վերջին փուլը։

Նա կրծքավանդակի շրջանում ծանր վնասվածք է ստացել և երկար ժամանակ ստիպված էր որպես ցավազրկող մորֆին ընդունել։ Արդյունքում նրա մոտ առաջացավ մորֆինից կախվածություն։

Օգտագործելով իր դեղագործական գիտելիքները՝ Փեմբերթոնը որոշեց իր կախվածությունը բուժելու համար դեղամիջոց գտնել և սկսեց տարբեր բույսերով փորձեր կատարել, այդ թվում՝ կոկաինով։ 1866-ին՝ Կոլումբուսի ճակատամարտից մեկ տարի անց, նա արդեն վաճառում էր «Փեմբերթոնի ֆրանսիական գինի-կոկաին» (Pemberton’s French Wine Coca) ըմպելիքը, որը պատրաստում էր իր՝ Eagle Drug & Chemical House դեղատանը։

Ըմպելիքը հանրությանը ներկայացվում էր որպես ցավազրկող, հակադեպրեսանտ և աֆրոդիզիակ, և քիչ ժամանակ անց մեծ տարածում ձեռք բերեց։

Սակայն նույն տարում՝ 1866-ին, Ատլանտայի շրջանում «չոր օրենք» ընդունվեց, որն արգելում էր ալկոհոլային խմիչքների արտադրությունը, վաճառքն ու գնումը։ Փեմբերթոնի համար սա մեծ հարված էր. նա իր հայտնի կոկտեյլը պետք է վերածեր ոչ ալկոհոլային ըմպելիքի։

Սակայն նա չհուսահատվեց, այլ գրանցեց Coca-Cola կազմակերպությունը և իր վաղեմի ընկեր Ուիլիս Վենաբլի հետ կատարելագործեց ըմպելիքի բաղադրատոմսը։ Սկզբում նրանք ըմպեիքը ցանկանում էին վաճառել որպես բուժական խառնուրդ, սակայն, հանկարծակի օշարակի հիմքը խառնելով գազավորված ջրի հետ, որոշեցին այն գնորդներին առաջարկել որպես թարմացնող ըմպելիք։

Չնայած որ Փեմբերթոնը կանխագուշակում էր, որ մի օր Կոկա-Կոլան կդառնա «ազգային ըմպելիք», սկզբնական շրջանում այն մեծ պահանջարկ չգրանցեց, և Փեմբերթոնը բաղադրատոմսի կիրառման իրավունքը վաճառեց Ատլանտայի իր գործընկերներին։ Ամենացավալին այն էր, որ ըմպելիքն այդպես էլ չկարողացավ նրան բուժել մորֆինիզմից, այդ պատճառով էլ նրա առողջությունը կտրուկ վատացավ։

Մորֆինը մատչելի չէր, և Փեմբերթոնն իր ողջ գումարը վատնեց իր կախվածությունը բավարարելու վրա։ Նա 1888 թ. մահացավ ստամոսքի քաղցկեղից՝ անբուժելի հիվանդ ու չքավոր վիճակում։

Փեմբերթոնն, այնուամենայնիվ, իր պահել էր իր մասնաբաժինն ընկերությունում, որը ժառանգաբար փոխանցվեց նրա որդուն՝ Չարլզին։ Սակայն Չարլզը վաճառեց Coca-Cola-յի բոլոր բաժնետոմսերը, քանի որ նա ևս մորֆինիստ էր։ Նա հոր մահից հետո ապրեց ևս վեց տարի՝ այդպես էլ չտեսնելով Կոկա-Կոլայի տարածումը ողջ աշխարհում։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր