Պարետ, դու տուգանում ես չոբանին, ով օրերով սարերում է, բայց ինքդ, շփվելով կորոնավիրուսով հիվանդի հետ, շաբաթ երեկոդ բար-սրճարանո՞ւմ ես անցկացնում. ՖՈՏՈ

Սոնա Սիմոնյանը իր էջում գրում է՝

Նախապես ցանկանում եմ տեղեկացնել` չնայած ես ունեմ իմ կարծիքն ու մոտեցումները covid19-ի եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ, չեմ խախտում կարգ ու կանոն, կրում եմ դիմակ, ախտահանում ու ախտահանվում եմ, որոշակի սելեկտիվ հաշվարկներով պահում եմ 1.5 մ դիստանցիա։

2 օր է՝ ասեղների վրա եմ, 2 օր է՝ ընկերներիս հետ բանավեճերի մեջ եմ։ Անդադար ծանր ու թեթև եմ անում էն, ինչով կիսվելու եմ։

Թե՛ անարդարության սուր զգացումը, թե՛ մասնագիտական ինստինկտը հանգիստ չեն տալիս։

Շաբաթ օրը (հունիսիս 6, 2020թ․) մարդասիրական միսիայով գնացել էինք Գյումրի։ Պարետի որոշումների արդյունքում տեղի ունեցած շատ մանր-մունր պատմություններ լսեցինք։ Ամենամեծ զարմանք-բարկություն առաջացրեց մի դեպք. տուգանել էին (10.000 դր) չոբանի, ով երեկոյան ոչխարների հետ սարերից էր իջնում։
Եվս մեկ անգամ՝ չոբանն առանց դիմակի, ոչխարների հետ իջնում էր սարերից։

Բայց լավ, քանի որ երկրում արտակարգ դրություն է, և կա պարետի որոշում՝ պարտադիր կրել դիմակ հանրային վայրերում, նշանակում է, որ օրենքի դեմ բոլորս ենք հավասար, նույնիսկ սարերից իջնող չոբանն ու ոչխարի հոտը (չեմ խորանում տրամաբանության մեջ, նախազգուշացման ու չոբանի ներկայիս եկամուտների)։

Բարեհաջող ավարտելով մեր միսիան՝ վերադառնում ենք Երևան (շաբաթ երեկո): Որոշում ենք ճանապարհից հանգստանալ, գնում ենք բացօթյա բար-սրճարան։ Տեղավորվում ենք, պատվերները տալիս ենք, մեկ էլ զգում եմ՝ հարևան սեղանին շատ ծանոթ մեկն է նստած։ Ուշադիր նայելուց հետո հասկանում եմ, որ մեր պարետն է։

Մեր պարետն էլ է մարդ ու հանգստի կարիք ունի… Առանց դիմակի։

Ի՞նչ մեղքս թաքցնեմ, սկսում եմ ինձ ուտել։ Մարդկայնորեն փորձում եմ հասկանալ, բայց միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ եթե ԴՈՒ ստանձնել ես այդ պաշտոնը, ուրեմն պետք է մոռանաս քո «ես»-ի մասին, մանավանդ ՀԻՄԱ, եթե ԴՈՒ որոշումներ ես կայացնում և պարտադրում, ԴՈՒ առաջինը պետք է դրանք սրբորեն կատարես ու ՕՐԻՆԱԿ ծառայես։

Եթե ԴՈՒ իրոք մտահոգ ու պատասխանատու անձ ես, ինչո՞վ ես մտածում, երբ շարունակում ես քո բնականոն կյանքն առանց դիմակ կրելու, մինչդեռ ՔՈ անմիջական ղեկավարը կորոնավիրուսով ինքնամեկուսացված է, և ԴՈՒ պոտենցիալ «քայլող վտանգ» ես թե՛ քո «անդեմ» սեղանակիցների, թե՛ ինձ համար։ Ինչո՞վ ես մտածում, երբ հայտնվում ես հանրային տարածքում առանց դիմակի՝ ինքդ լինելով որոշման պատասխանատուն։ ԴՈՒ մտածո՞ւմ ես ընդհանրապես, հասկանո՞ւմ ես՝ ի՞նչ ես անում ու ինչի՞ հետ ես խաղում, երբ շաբաթ երեկոյան առանց դիմակի հանդիպում ես ունենում բար-սրճարանում։

Մենք անգիտակից նախիր ենք, իսկ ԴՈ՞Ւ, օ՜ իմ բարձր ինքնագիտակցություն, զգոնություն ու պատասխանատվություն քարոզող ու պահանջող Պարետ։

ԴՈՒ ինքդ քեզ չես հարգում, երբ նման պահվածք ես դրսևորում, ԴՈՒ չես հարգում քո իսկ ընդունած որոշումները, բայց հակառակը պահանջում մեզնից։

ԴՈՒ տուգանում ես չոբանին, ով օրերով սարերում է, բայց ինքդ, շփվելով կորոնավիրուսով հիվանդի հետ, շարունակո՞ւմ ես ազատ շփումդ։ ԴՈՒ կրկին ոստիկանին զրկելով ընկերոջ կարգավիճակից դարձնում ես ազգի թշնամի՞։

Ինչո՞վ ես մտածում, երբ երկրում քաոս ու դժոխք է, երբ մարդիկ լուրջ բախումներ են ունենում երկրում ընտրված քաղաքականության ու քո որոշումների պատճառով, երբ ղեկավարդ հիվանդ է, ԴՈՒ նման քա՞յլ ես անում։ Ինչո՞վ։ Կա՛մ չես մտածում, կա՛մ լկտիությունդ սահման չունի։

Ամո՛թ, հազար ամո՛թ։

Իմ դեմագոգ, PR-ին և կոմունիկացիաների մեռած կառավարություն, գոնե ձեր իսկ ընտրած ֆորմատի կանոններին հետևեք, գրագետ ու հարգանքով եղեք ձեր որդեգրած քաղաքականությանը, գոնե իրոք ձևացրեք, որ գլուխներդ պատերին եք տալիս, գոնե նախորդների նման թաքուն արեք, գոնե մեկ-մեկ մարդ եղեք։

Էլի չէի ցույց տա, էլի չէի ասի, ուղղակի այս ընթացքում շատ էր լկտիությունը՝ Արցախի լուսանկարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի որդու հարսանիքը, Ֆերմատան, չոբանը, հասարակ մարդուն սեփական ավտոտնակում դիմակ կրելու պարտադրանքը, հիվանդանոցները, շտապօգնության ուշ հասնելու կամ ընդհանրապես չհասնելու արդյունքում ծանր հետևանքներն ու Ավինյանի շաբաթ երեկոն։

Ես չեմ խորանում երեկոյի ընթացքում բացված սեղանի, չեմ խորանում մի շարք այլ մանրուքների մեջ…

Ես մի բան գիտեմ՝ ամեն ինչ սկսվում է սեփական «ես»-ի հանդեպ հարգանքից։

Հարգե՛ք ինքներդ ձեզ ու հավատացեք՝ կհարգեն ձեզ։ Իսկ եթե հետևեք ձեր խոսքերին ոչ միայն TV և FB live-երի համար, այլ նաև պրիմիտիվ իրավիճակներում, կրկնակի հարգանք կստանաք։

Դիմակ կրե՛ք, ախտահանե՛ք ու ախտահանվե՛ք։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր