«Ամուսինս նաև հայր է եղել ինձ համար». Լուիզա Ղամբարյան

Նա երազել է հնեաբան, բժիշկ ու նույնիսկ օտար լեզուների մասնագետ դառնալ, բայց պատահաբար հայտնվել է թատրոնում ու հավերժ սիրահարվել դերասանի մասնագիտությանը: Լուիզան այսօր դառնում է 43 տարեկան: Ասում է` երբ մասնագիտությունդ սիրում ես, տարիքդ չես զգում:

Tert.am Life-ը Լուիզա Ղամբարյանի անկեղծ զրույց է ունեցել իր մանկության, հոր կորստի, իր և ամուսնու միջև 29 տարվա տարիքային տարբերության, դստեր, մասնագիտության և իրեն ցավեցրած մարդկանց մասին:

-Լուիզա, քչերը գիտեն, որ Ձեզնից մեծ քույր և եղբայր ունեք: Տան փոքրը լինելը առավելությու՞ն է եղել Ձեզ համար:

-Մեր հանդեպ մեծերի վերաբերմունքից կառուցվում էին մեր երեխայական փոխհարաբերությունները: Տատիկս ամենաշատն ինձ էր սիրում, հայրիկս` քրոջս, մայրիկս` եղբորս: Հետո պարզվեց, որ դա մեզ ընդամենը թվում էր, նրանք բոլորիս հավասար էին սիրում, բայց փոքր ժամանակ դա հանգեցնում էր մանկական քաղցր վեճերի: Մի արտահայտություն կա` տան փոքրը տան «քաշվածն» է: Ես այդ արտահայտության ճշմարտացիությունը փոքր տարիքում քիչ, բայց զգացել եմ: Երբ տանը հացը կամ մածունը վերջանում էր, ասում էին` Լուիզ, թռի՛ր: Բայց շատ հարցերում ծնողներս նաև ընդառաջում էին, սուբյեկտիվ արտոնություններ շնորհում ինձ:

-Այսօր դառնում եք 43 տարեկան: Դուք առանձնակի հուզմունքով եք հիշում Ձեր մանկությունը և ծննդյան օրերը: Երբ փոքր էիք, ո՞վ էր Ձեր ծննդյան օրը տոն դարձնում:

-Ծնողներս իրենց հնարավորության և դրա սահմաններից դուրս ամեն ինչ անում էին, որ իմ օրը տոն դառնա: Ծննդյանս օրը հիշելիս ակամա «Մայրիկ» ֆիլմն եմ հիշում: Ճիշտ է, այն ժամանակ չկային տարատեսակ անակնկալներով լցված միջոցառումներ, բայց կար անսահման ջերմություն, սեր: Քանի որ ծննդյանս օրը ամռանն է, միշտ ընտանիքով Սևան էինք գնում ու նշում հայկական ավանդական ձևերով: Գետնին ծածկոցներ էինք փռում, խորոված պատրաստում, բանաստեղծություններ կարդում, խաղեր կազմակերպում: Ծնողներս ամեն ինչ անում էին, որպեսզի ժպտայի: Ես զգում էի, որ այդ օրն աշխարհում շատ կարևոր օր է, որովհետև ես եմ ծնվել:

-Հիմա, երբ վաղուց երեխա չեք, նույն զգացումն ունե՞ք:

-Այո՛, որովհետև նորից ընտանիքս ինձ տալիս է այդ զգացումը: Տարիների հետ հասկանում ես, որ քո ամրությունը քո ընտանիքում է և ամենաապրեցնող զգացմունքները ընտանիքում ես ստանում: Հանրային մարդու համար մեծ դեր ունեն նաև մարդկանց ոգևորող խոսքերը, ծափահարությունները, բայց դա արագ անցնում է, իսկ ընտանիքի հետ կապված զգացումներն այլ են:

-Ֆիզիկապես մեծանում եք ևս մեկ տարով, ինչն իրենից նոր. ինչպես Դուք եք սիրում նշել, պատմություն ունեցող կնճիռներ է ենթադրում: Ի՞նչ են պատմում վերջին տասը տարիների Ձեր կնճիռները:

-Սիրելի աշխատանքը նոր ու գեղեցիկ գույներ է տվել ինձ, իսկ երբ դրան գումարվում են իմ ապրած տարիների օրերն ու կնճիռները, երջանիկ պահերը, կերպարներս ավելի խորը, ազդեցիկ են դառնում: Ի վերջո, կապ չունի, թե ինչպիսի դերասան ես. կարևոր է, թե ինչ տեսակ մարդ ես: Անշուշտ, իմ կնճիռների պատմությունները դրամատիկ են, որի մեջ մտնում են տարբեր ժանրեր` կոմեդիա, տրագեդիա: Դրանց մեջ կան և՛ աշխարհացունց ուրախ պահեր, և՛ հիասթափություններ, և՛ մտահոգություններ: Պատմություններ առանձնացնել չեմ կարող, դրանք արդեն զգացմունքների են վերածվել:

-Հոգեպես Ձեզ ավելի երիտասա՞րդ եք զգում:

-Ինձ հոգեպես դեռ այն դեռահաս աղջիկն եմ զգում, որը նոր էր ընդունվել համալսարան, ում համար կյանքը դեռ նոր էր սկսվում: Իհարկե, նրա կողքին կա նաև հասուն կին, ով կարող է ճիշտ խորհուրդներ տալ այդ աղջկան՝ թեկուզ ուղղորդելով գնալ փշոտ ու բարդ ճանապարհով: Անկումներ տեսնողներն են, որ հետո բարձունքներ են ունենում: Հեշտ ճանապարհներն ընտրողները շատ են, բարդ ճանապարհին է, որ ուղեկիցներ քիչ կունենաս:

-Ձեր ճանապարհները բա՞րդ են եղել:

-Չեմ կարող ստել, որ իմ ճանապարհները բարդ են եղել: Ես հայտնվել եմ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Երբ ես հայտնվեցի թատրոնում, շատ դերասաններ բռնել էին արտերկրի ճանապարհը, քանի դժվար տարիներ էին՝ 90-ականները: Եթե այդ տարիները չլինեին, էլի այդ ամենը կտրվեր, որովհետև աշխատասիրությունը, ի վերջո, արդյունք տալիս է, բայց մեկնարկային փուլն ինձ շատ հեշտ տրվեց:

-Տարիների ընթացքում բարդություններ չեղա՞ն:

-Իմ բոլոր աշխատանքային անհաջողությունները գրանցված են իմ կողմից: Ես ստեղծագործող եմ, կարող եմ թե՛ սխալվել, թե՛ ստեղծագործական ներշնչանքի պակաս ունենալ, որն ամենադժվարին պահն է: Երբեմն, մտքումդ կենցաղն է, հոգսը, մակերեսային հազար ու մի հարց, ստեղծագործական ներշնչման աղբյուր չկա: Բարդ շրջան է, երբ դերասանը դատարկ է լինում: Ես ունեցել եմ այդպիսի շրջաններ, երբ ամեն ինչ արել եմ մեխանիկորեն: Այդպիսի պահերին լուռ սպասել եմ, որովհետև հասկացել եմ` ժամանակը կգա ու դատարկությունը կլցվի: Այդ պահին շատ բան տալ ու պահանջել չես կարող, պիտի դիմանաս քո անկմանը ու վեր հառնես:

-Այն 25 տարիների ընթացքում, որ խաղում եք թատրոնում, եղե՞լ են խաղալու համար անբարենպաստ օրեր, որոնք համընկել են ներկայացման օրվա հետ: Կարողացե՞լ եք այնպես խաղալ, որ հանդիսատեսը չնկատի Ձեր իրական հոգեվիճակը:

-Երկու այդպիսի օր է եղել: Կարողացել եմ, բայց չգիտեմ՝ ինչպես Երբ ոտքդ դնում ես բեմ, մոռանում ես, մի կողմ ես թողնում քո յոթ գլխանի տառապանքդ ու երեք ժամ հետո վերադառնում դրան: Չեմ կարող ասել, թե ինչ օրեր են դրանք եղել, բայց այդ երկու օրը երբեք չեմ մոռանա, ամեն ինչ կանեի, որ այդ օրերին չխաղայի, բայց խաղացի:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր