Կիվիի եզակի հատկությունները, որոնց մասին շատ քիչ մարդ գիտի

Բժիշկները կիվին համարում են իսկական վիտամինային ռումբ, քանի որ այն իր մեջ պարունակում է մրգերի ու բանջարեղենի համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ ու հանքային նյութեր:

Այս թավշյա փոքրիկ գնդիկը հարուստ է հատկապես վիտամին C-ով: Ուրիշ ոչ մի մրգի մեջ վիտամին C-ի նման քանակություն չկա: Եթե ամեն օր մեկական կիվի ուտեք, Ձեր օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»:

Ալերգիկներին և մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում կիվի օգտագործել` ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար:

Բույսը, որը մենք կիվի ենք անվանում, հայտնաբերվել է Չինաստանում ավելի քան 700 տարի առաջ, և նրա պտուղները երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում: Գիտականորեն այս բույսը «Չինական ակտինիդա» է կոչվում. այն Չինաստանի լեռներում աճող վայրի լիանա է: 1906 թվականին չինական ակտինիդան սկսեցին հաջողությամբ մշակել Նոր Զելանդիայում և մրգին «կիվի» անունը տվեցին, քանի որ այն շատ նման էր առանց թևերի, գորշ, մազանման փետուրներով կիվի թռչունին: Արտաքուստ համեստ այս պտուղը հարուստ է նաև E, B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով (կալիում, ֆոսֆոր, մագնիում) և ֆլավոնոիդներով, ինչպես նաև այն պարունակում է մրգաթթու և պեկտիններ:

Չինական ավանդական բժշկության մեջ ակտինիդան սովորաբար օգտագործում են մարսողության լավացման, ռևմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար: Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը:

Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը: Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակային ճարպային պաշարիչները: Որպես հետևանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը: Օրվա մեջ` 2-3 կիվի, և մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի: Այն ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը:

Ինչպես ենթադրում են բժիշկ-սրտաբանները` կիվիի պտուղները կարող են ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը դառնալ: Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր և պատիճներ պատրաստել: Կարծիք կա, որ եթե կիվին հասած է, ավելի համեղ է: Այն կարելի է դնել թղթի տոպրակի մեջ խնձորի, բանանի կամ տանձի հետ. այդպես ավելի արագ է հասունանում: Մրգի հասած լինելն օգտակար նյութերի քանակի և որակի վրա չի ազդում: Կիվին հիանալի մաքրում է մաշկը և միևնույն ժամանակ այն հագեցնում է կարևոր վիտամիններով:

Կիվիից շատ սնուցող դիմակներ են պատրաստում: Օրինակ` մրսածության հետևանքով առաջացած վիրուսային հիվանդությունների դեպքում կամ գրիպի համաճարակների ժամանակ շատ լավ օգնում է կիվիի և լորենու մեղրի խառնուրդը: Դրա համար անհրաժեշտ է կիվին պատառաքաղով տրորել ու ավելացնել 1 թեյի գդալի չափով լորենու մեղր և ուտել երեկոյան` քնելուց առաջ: Այրվածքների կամ ցրտահարված մաշկի դեպքում կարելի է կիվին տրորել, ավելացնել 1 թեյի գդալ զեյթունի ձեթ և քսել մաշկի վնասված հատվածին: Վերքն արագ կապաքինվի: Շատ օգտակար կոկտեյլ է ստացվում գազարով, կիվիով ու մածունով: Հարիչով մանրացնել 3 գազարը, 1 կիվին, ապա ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու 1 բաժակ մածուն: Այս վիտամինային կոկտեյլը հատկապես շատ լավ օգնում է օրգանիզմին՝ վերականգնվելու վիրուսային հիվանդություններից հետո:

Եթե աչքերի շուրջը նկատում եք այտուցներ, կօգնի կիվիի բարակ շերտերով կոմպրեսները. պարզապես պետք է բարակ շերտերով կտրատել այն ու դնել աչքերի վրա, իհարկե, փակ վիճակում և թողնել 15-20 րոպե: Այնուհետև անհրաժեշտ է աչքերը լվանալ սառը ջրով ու կոպերին սնուցող քսուկ քսել: Կիվիի յուղը շատ լավ մաշկի խնամքի միջոց է հանդիսանում` անկախ մաշկի տեսակից: Իհարկե, խորհուրդ չի տրվում այն օգտագործել ինքն իրենով, այն պետք է պարզապես դիմակների մեջ հավելումների տեսքով օգտագործել: Մաշկը սնուցող դիմակ է բանանով ու կիվիով դիմակը: Կես բանանը տրորել 1 միջին չափի կիվիի հետ, ավելացնել 2 ճաշի գդալ բնական յոգուրտ: Դիմակը քսել դեմքին ու 15 րոպե հետո լվանալ գոլ ջրով:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր