Որ դեպքերում է ծարավի զգացումը հուշում շաքարային դիաբետի զարգացման մասին

Շատերն են լսել այն մասին, որ մշտական ծարավի զգացումը համարվում է շաքարային դիաբետի ու նախադիաբետի առաջին ախտանշաններից մեկը, սակայն քչերը գիտեն՝ ինչպես կարելի է բնական ծարավի զգացումը տարբերել հիվանդության մասին հուշող ախտանշանից:

Երկրորդ տիպի շաքարային դիաբետը վաղուց արդեն համաշխարհային «համաճարակ» է դարձել, քանի որ զարգանում է ճարպակալման հետ մեկտեղ: Հիվանդների թիվն օր օրի ավելանում է, ինչը պայմանավորված է նրանով, որ մարդիկ հազվադեպ են պայքարում ավելորդ քաշի ու ճարպակալման դեմ և նախընտրում են վարել նստակյաց կենսակերպ: Շաքարային դիաբետի զարգացման մասին հուշող առաջին ախտանշաններից մեկը մշտական ծարավի զգացումն է, որը կոչվում է պոլիդիպսիա, սակայն երբեմն նորման ախտաբանությունից տարբերելը բավական բարդ է լինում:

Բժիշկները միջին տարիքի մարդկանց խորհուրդ են տալիս օրական առնվազն 1,2 լիտր ջուր խմել, ինչը համապատասխանում է 6-8 բաժակին: Այս քանակությունն իր մեջ ներառում է նաև օրվա ընթացքում օգտագործվող այլ հեղուկները, այդ թվում՝ հյութերը, կաթը, ապուրները, թեյն ու սուրճը: Ծարավի զգացումը կարող է ուժգնանալ ֆիզիկական ակտիվության, առատ քրտնարտադրության, ինչպես նաև որևէ աղի կամ կծու մթերք օգտագործելու դեպքում, ուստի նման պարագայում նորմայից շատ ջուր խմելը բնական է: Սակայն եթե մարդն օրական ավելի քան 8 բաժակ ջուր է խմում առանց որևէ պատճառի, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին:

Շաքարային դիաբետով հիվանդների մոտ անհագ ծարավի զգացումը պայմանավորված է արյան մեջ շաքարի անոմալ բարձր մակարդակով: Այս հիվանդության դեպքում մարդու երիկամներն ավելի շատ ջուր են օգտագործում հավելյալ շաքարն օրգանիզմից դուրս բերելու համար, ինչն էլ ստիպում է մարդուն ավելի շատ ջուր խմել: Սա է պատճառը, որ անհագ ծարավն ու հաճախամիզությունը համարվում են շաքարային դիաբետի մասին հուշող առաջին ախտանշանները: Մյուս ախտանշանների շարքին են դասվում հոգնածության զգացումը, քաշի կորուստը, ցայլքի և սեռական օրգանների հատվածի քորը, վերքերի դանդաղ ապաքինումն ու տեսողության հետ կապված խնդիրները: Հարկ է հիշել, որ շաքարային դիաբետն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, սակայն զարգացման սկզբնական շրջանում այն կարելի է պահել վերահսկողության տակ խիստ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության շնորհիվ:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր